Թոփ 10 անունները Հայաստանում. ինչպես են ծնողները կոչում իրենց երեխաներին

«Թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստանում բազմիցս հնչել են կանխատեսումներ Նիկոլ և Աննա անունների նկատմամբ հետաքրքրության աճի մասին։ Նոր վարկանիշը թույլ կտա Sputnik Արմենիայի ընթերցողներին իմանալ, թե ծնողներն ավելի հաճախ ինչ անուններ են ընտրել իրենց նորածինների համար անցած տարի։

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի — Sputnik. Հայաստանում ամենատարածված անունների վարկանիշային աղյուսակը գլխավորել են Դավիթը և Նարեն։ Այս մասին Sputnik Արմենիայիթղթակցին հաղորդեցին ՀՀ արդարադատության նախարարության Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունից։

Անցած տարի 1813 տղայի անվանել են Դավիթ։ Ամենայն հավանականությամբ, փոքրիկներին այդպես են անվանում ի պատիվ «Սասունցի Դավիթ» էպոսի սիրված հերոսի։

Ի դեպ, Դավիթը 2015թ.–ից է առաջատար։ Այդ ժամանակ 133 նորածինների կոչել են Դավիթ։ Ցուցանիշն անփոփոխ է մնացել 2016թ–ին։ Իսկ արդեն 2017թ–ին այդ անունը ստացել է 163 երեխա։

Իրավիճակը չի փոխվել նաև «թավշյա հեղափոխությունից» հետո, թեև շատերը ենթադրում էին, որ 2018թ.–ի ապրիլից հետո ծնողները կսկսեն իրենց որդիներին կոչել Նիկոլ` ի պատիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, իսկ դուստրերին` Աննա` ի պատիվ պետության ղեկավարի տիկին Աննա Հակոբյանի։

Սակայն Նիկոլ և Աննա անունները չեն մտել 2018թ.–ի Հայաստանում ամենատարածված անունների տասնյակի մեջ։

Վարկանիշում երկրորդ տեղ է զբաղեցնում Նարեկ անունը։ Այդպես են կոչվել 1439 տղաների։ Միաժամանակ, Նարեկ անունը հայերի շարքում զբաղեցնում է պատվավոր չորրորդ հորիզոնականը արդեն չորրորդ տարին շարունակ։ Այսպես, 2015թ.–ին այդպես կոչել են 103, 2016թ–ին` 124, 2017թ–ին` 118 նորածինների։

Ցուցակում երրորդ տեղը զբաղեցնում է Հայկ անունը։ 716 տղա այդպես է կոչվել։ Ի դեպ, 2017թ.–ին Հայկը զբաղեցրել է վեցերորդ հորիզոնականը։ Այդ ժամանակ ընդամենը 55 երեխա է ստացել այդ անձնանունը։ 2015 և 2016թթ–ին ցուցանիշը միանման է եղել` 65 նորածին։

2018թ.–ին տղամարդկանց տարածված անունների շարքում Տիգրանն է եղել, որը զբաղեցրել է չորրորդ տեղը (706 տղա)։ 2017թ.–ին այդ անունը հայտնվել է երրորդ հորիզոնականում (87 հոգի), 2016թ.–ին` վեցերորդ (57 երեխա), 2015թ.–ին` երրորդ (70 հոգի)։

2018թ,–ին վարկանիշի առաջին հնգյակը եզրափակում է Մարկ անունը (677 տղա)։ Մինչդեռ նախորդ տարիներին այդ անունը նույնիսկ չի մտել առաջին տասնյակի մեջ։

2018թ.–ին վեցերորդ տեղն է զբաղեցրել Ալեքս անունը (644 երեխա), յոթերորդ տեղը` Արեն (592), ութերորդը` Գոռ (586), իններորդը` Արթուր (561), տասներորդը` Արմեն (472)։

Ինչ վերաբերում է աղջիկներին, ապա 2018թ.–ին նորածիններին կոչել են Նարե` պարսական Նար անվան հայկական տարբերակով։ Այն վարկանիշում զբաղեցնում է առաջին տեղը` վերադարձնելով 2015թ.–ի իր դիրքերը։ 2016թ.–ին այդ անունը ցուցակում երրորդն է եղել (70 աղջիկ), իսկ 2017թ.–ին` հինգերորդը (65 աղջիկ)։

Անցած տարի աղջիկների ամենատարածված անունների շարքում երկրորդ տեղն է զբաղեցրել Մարիան, այսպես կոչվել է 783 աղջկա։ 2015թ.–ին այն զբաղեցրել է ընդամենը յոթերորդ տեղը։ Իսկ 2016թ.–ին և 2017թ–ին`առաջին տեղը` 92 և 89 ցուցանիշներով։

2018թ.–ին վարկանիշային աղյուսակում երրորդ տեղում հայտնվել է Մանեն։ Այդպես են կոչվել 703 նորածին աղջիկ։ 2015 և 2016թթ.–ներին այն եղել է ութերորդ տեղում` 57 և 50 ցուցանիշներով։ 2017թ.–ին այս անվան նկատմամբ հետաքրքրությունն ավելացել է. արդեն 70 աղջիկ կոչվում է Մանե (վարկանիշում չորրորդ տեղը)։

2018թ.–ին տասնյակի մեջ մտել են նաև աղջիկների այս անունները. Մարին չորրորդն է (665), Էլենը` հինգերորդը (564), Մարիամը` վեցերորդը (562), Անին` յոթերորդը (553), Միլենան` ութերորդը (549), Անահիտը` իններորդը (542), Արփին` տասներորդը (516)։

Նշենք, որ 2018թ,–ի Հայաստանում գրանցվել է 14 հազար 561 ամուսնություն և 4 հազար 296 ամուսնալուծություն։ 2019թ.–ի սկզբին արդեն գրանցվել է 979 ամուսնություն և 135 ամուսնալուծություն։

Be the first to comment on "Թոփ 10 անունները Հայաստանում. ինչպես են ծնողները կոչում իրենց երեխաներին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ